«Ինտեր»-ը Իտալիայի չեմպիոնն է. Մխիթարյանի պատմական նվաճումը

00:43, 23 Ապրիլ, 2024

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալիայի ֆուտբոլի առաջնության 33-րդ տուրում կայացավ միլանյան դերբին` «Միլան»-«Ինտեր» հանդիպումը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`  խաղի մեկնարկային րոպեներին թիմերը փոխանակվում էին գրոհներով: Սակայն «Ինտեր»-ն առաջինն օգտագործեց իր պահը: 18-րդ րոպեին գլխի հարվածով հանդիպման հաշիվը բացեց Աչերբին: «Միլան»-ը բաց թողած գնդակից հետո մի քանի լավ հնարավորություն ուներ վերականգնելու հաշվի հավասարությունը, սակայն չիրացրեց դրանք: Թիմերն ընդմիջման գնացին «Ինտեր»-ի նվազագույն առավելությամբ:

Երկրորդ կեսի մեկնարկում «Ինտեր»-ը երկրորդ գնդակն ուղարկեց «Միլան»-ի դարպասը: Դիպուկ հարվածով աչքի ընկավ Տյուրամը: «Միլան»-ին հաջովեց միայն հեղինակության գնդակ խփել: Աչքի ընկավ Տոմորին: Ի վերջո «Ինտեր»-ը հաղթեց 2:1 հաշվով:  

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ինտեր»-ի մեկնարկային կազմում էր և մասնակցեց ամբողջ խաղին: 

«Ինտեր»-ն այս հաղթանակից հետո հավաքեց 86 միավոր և ժամանակից շուտ հռչակվեց Իտալիայի 2023/24 մրցաշրջանի չեմպիոն: 

Հենրիխ Մխիթարյանը կարիերայում առաջին անգամ դարձավ եվրոպական թոփ 5 լիգաներից մեկի` Իտալիայի Սերիա Ա-ի չեմպիոն:


© 2009 ARMENPRESS.am